15 03 2022

Արցախի հարցերը թողած` Աղվերանում նիստ են անելու. «Ժողովուրդ»

Արցախի հարցերը թողած` Աղվերանում նիստ են անելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Մինչ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ այնտեղ ապրող երեխաները զրկված են անգամ կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում, քննարկում կազմակերպել կրթության մասին ու, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորներ հրավիրել նաեւ Արցախից։ Արցախ գնալու, այնտեղ որեւէ կերպ օգտակար լինելու եւ խնդիրներին լուծում գտնելու փոխարեն՝ զբաղված են այլ նիստեր անելով։ Խոսքը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որի անդամները նախ երկու օր նիստ կանեն Երեւանում, ապա 18 եւ 19-ին կմեկնեն Աղվերան:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ իրեն էլ են հրավիրել, սակայն ինքը մերժել է հրավերը՝ ի սկզբանե առաջարկելով տեղափոխել օրը։ «Ի՞նչ կրթության հարցով քննարկում, երբ Արցախում երեխաները զրկված են կրթության իրավունքից դեռ անհասկանալի ժամանակով, ու իրենք որոշել են ՏՏ ոլորտ քննարկել` հաճելի մթնոլորտում։ Ես մերժել եմ հրավերը»-, նշեց նա։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանից կամ մյուս ՔՊ-ական անդամներ Հասմիկ Հակոբյանից եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանից, սակայն վերջինս նշեց, թե համերգի է եւ չի կարող մեր հարցին պատասխանել, իսկ մյուս երկու պատգամավորները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին ու նամակներին։

Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ